Ներվեց... թմրամաքսանենգը, բայց նա հրեա էր
04.02.2020 | 00:31
Եվ այսպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում շնորհեց Իսրայելի և ԱՄՆ-ի 26-ամյա քաղաքացի Նաամա Իսասխարին, որը Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 11-ին 7,5 տարով ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի պահպանման, փոխադրման, պատրաստման, զգալի չափով թմրանյութերի մաքսանենգության մասին հոդվածների տարբեր մասերով: Արտառոցն այստեղ այն է, թե ով ում է ազատ արձակում կալանավայրից: Սակայն արտառոցը դառնում է սովորական, երբ խնդիրը վերաբերում է հրեային («Իրատեսը» գրել է այդ մասին):
Նաաման մոսկովյան Շերեմետևո օդանավակայանում կալանավորվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին, երբ Դելիից տարանցիկ թռիչքով՝ Մոսկվայով, մեկնում էր Թել Ավիվ: Աղջկա ուղեբեռում, սակայն, ծառայողական շունը թմրանյութի հոտ էր առել, և Նաաման խոստովանել էր, որ հայտնաբերված մոտ 10 գրամ հաշիշի քանակությունն իրեն է պատկանում:
Հրեա աղջկա դատապարտումը աննախադեպ կրքեր առաջացրեց Իսրայելում, Ռուսաստանի հրեական համայնքի շրջանում: Իսրայելի նախագահը, վարչապետը, նախարարները, հրեական ողջ «առաջադեմ» հասարակայնությունը հանգեցին այն հետևությանը, որ 7,5 տարին դաժան պատիժ է, դե, ջահել աղջիկ է, գուցե սխալ է գործել, կյանքն առջևում է, պետք է ներողամիտ լինել նրա նկատմամբ, ներում շնորհել և այլն: Հետևեցին Պուտինին ուղղված համառ դիմումները:
Ռուսները փոխզիջման առաջարկ արեցին՝ խոստացան Իսասխարին ազատ արձակել, եթե իսրայելցիները իրենց հանձնեն Իսրայելում ձերբակալված ռուս հաքեր Ալեքսեյ Բուրկովին, որի վերահանձնումը պահանջում էր ԱՄՆ-ը: Իսրայելցիները ոչ միայն անտեսեցին Կրեմլի տարբերակը, այլև Բուրկովին ճամփու դրեցին Ամերիկա, որտեղ նրան սպառնում է 80 տարվա ազատազրկում:
Բայց դա բնավ էլ չխանգարեց, որ Իսրայելի ղեկավարները նոր ուժով ձեռնամուխ լինեն Պուտինի «մշակմանը»: Հոլոքոստի 75-ամյակի նշման օրերին նրանք Երուսաղեմում պատին դեմ տվին ռուսաց առաջնորդին, առաջին պլան մղելով Նաամայի վշտաբեկ մորը: Եվ Պուտինի սիրտը նվաղեց, խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի: ՈՒ այդպես էլ եղավ:
Սակայն ռուս նացիոնալիստական մամուլն ազգայնամոլական չէր լինի, եթե չփորձեր պեղել ու ապացուցել, որ Նաաման այդքան էլ մոլորված հրեշտակ չէ: Դելի-Թել Ավիվ ուղիղ չվերթը մոտ 4000 կլիոմետր է, Դելի-Մոսկվա-Թել Ավիվ չվերթը՝ մոտ 7000: Տարանցիկ չվերթը մոտ երկու անգամ շատ ժամանակ է պահանջում, ավիատոմսերն էլ, բնականաբար, ավելի թանկ են: Հնդկաստանը հայտնի է որպես թմրանյութերի արտադրության համաշխարհային կենտրոն և Իսրայելն էլ համարվում է նրա բաղձալի կլիենտներից մեկը: Այդ իսկ պատճառով Դելի-Թել Ավիվ ուղիղ չվերթերը խիստ զննության են ենթարկվում մաքսատանը: Ահա և, եզրակացնում է ռուսական թերթերից մեկը, Նաամա Իսասխարը փորձել է նոր ավիաուղիով՝ Մոսկվայով մուտք գործել Իսրայել և ստուգել, թե ինչքանով է սա համեմատաբար անվտանգ իր համար:
Պետք էր միայն տեսնել վարչապետ Բինիամին Նեթանյահուի երջանիկ դեմքը, երբ նա Մոսկվայում հանդիպեց ու ողջագուրվեց «ազատագրված» Նաամայի հետ: Ավելին, թմրամաքսանենգը Բեն-Գուրիոնի անվան օդանավակայան հասավ վարչապետի կառավարական ինքնաթիռով:
Իսրայելական՝ հրեա հասարակության՝ մեկ հրեայի բարօրության համար պայքարը պսակվեց հաջողությամբ:
Իսկ հիմա՝ թախծալիի մասին: Մոտ չորս տարի առաջ իմ համերկրացի՝ նախկին շամշադինցի մի քանի ջահելներ Մոսկվայում բանկոմատներ էին ջարդել ու սպառել դրանց պարունակությունը: Բռնվեցին, դատապարտվեցին: Աննախադեպ, անհավատալի դեպք էր. որտեղ սարերի մեջ պարփակված կյանքով ապրող շամշադինցին, որտեղ` բանկային կողոպուտը ռուսաց հսկա մայրաքաղաքում: Այդուհանդերձ, թմրամաքսանենգություն չէր: Ցավոք, Հայաստանի այն տարիների բարձրագույն ղեկավարները իրենց աջակցության ձեռքը չմեկնեցին մոլորյալներին. չծեծեցին Կրեմլի դռները, քնից չհանեցին Պուտինին: Երևի դրա համար հրեա պիտի ծնվեին: Կարող էին, չէ՞, նրանց պես հորդորել, որ, ախր, ջահել են, խակ են, ղալաթ են արել, ընկել են մեծ քաղաք ու կուլ են գնացել արագ հարստանալու տենչին և այլն: ՈՒ ավելացնեին՝ այ եթե նրանք տարրական խելք ունենային, գլխի կընկնեին, որ իրենց հայրենիքում, և ոչ թե Մոսկվայում, հարստանալու ամենաարդյունավետ ձևը պետական պաշտոն զբաղեցնելն է, կոռուպցիայի մեջ խորամուխ լինելը, սեփական գրպանի գերակայությունը ճանաչելը և այլն: Որ կարելի էր օրինակ վերցնել հենց պետության բարգավաճ ղեկավարներից:
Ինձ թվում է, որ մեզ համար անչափ օգտակար կլինի, եթե ոչ թե ընդհանրություններ փնտրենք մեր և հրեաների միջև, այլ ի հայտ բերենք տարբերությունները՝ հրեաներից գոնե որոշ գերպրագմատիկ ունակություններ փոխ առնելու նկատառումով:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ